12 մայիսի 2016 - 15:46 AMT
Պեսկով. Մոսկվան ողջունում է ԼՂ-ում լարվածության նվազեցմանն ուղղված ցանկացած քայլ

Մոսկվան ողջունում է ցանկացած քայլ, որն ուղղված կլինի ղարաբաղյան հակամարտության լարվածության նվազեցմանը և փոխզիջման որոնման համար Բաքվին ու Երևանին երկխոսության վերադարձնելուն: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, որ շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն: Նշվում է, որ ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում:

Անդրադառնալով Վիեննայում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ հաղորդագրությանը և պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը տեղյակ է դրա մասին` Պեսկովը նշել է. «Կոնկրետ այդ տեղեկության մասին որևէ բան ասել չեմ կարող: Անշուշտ, Մոսկվայում ողջունում են ցանկացած քայլ, որի նպատակն է նվազեցնել լարվածությունը հակամարտության գոտում և վերադառնալ երկխոսության՝ քաղաքական կարգավորման տարբերակի որոնման համար»:

Համանախագահների հայտարարության մեջ ասվում է. «Մեր երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը լինելու է զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը և վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը, որը կվերականգնի բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ»:

Նշվում է, որ բանակցություններում ոչ մի հաջողություն չի կարող լինել շարունակվող բռնությունների պարագայում և ավելին, չի կարող լինել խաղաղություն, առանց բանակցությունների: