13 մայիսի 2016 - 11:06 AMT
Ցեղասպանության մասին բեմադրություն՝ Մյունխենում. Ռեժիսորը հայկական և թուրքական արմատներ ունի

Մյունխենի Residenztheater թատրոնն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների և հետապնդումների մասին ներկայացում կցուցադրի: Ներկայացման հեղինակն է գերմանացի ռեժիսոր Նուրան Դավիթ Քալիսը, ում ազգում կան և՛ հայեր, և՛ թուրքեր, հայտնում է Tert.am-ը Deutsche Welle-ի վրա հղումով:

Բեմականացման հիմքում ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմական վեպն է: Այն նկարագրում է իրական դեպքեր` Մուսա լեռան մոտակայքում տեղակայված հայկական գյուղերի բնակիչների երկարատև ինքնապաշտպանությունը, որոնք չեն ենթարկվել օսմանյան իշխանությունների հրամանին` 1915թ. ցեղասպանության ժամանակ տարհանման վերաբերյալ: 53 օր նրանք պայքարել են թուրքական զորքերի դեմ, այնուհետև գրեթե հրաշքով փրկվել ֆրանսիական ռազմանավով:

«Թուրքական իշխանությունները վստահեցնում են, որ ցեղասպանություն չի եղել, չի եղել սպանություն ազգային պատկանելության հիմքով»,- ասել է ռեժիսորը Մյունխենում նախագծի շնորհանդեսի ժամանակ:

Նրա ներկայացման մեջ 2 ժողովուրդների` թուրք և հայ, ներկայացուցիչներն են, «հանցագործներն ու զոհերը», ինչպես նշել է ռեժիսորը, կհանդիպեն բեմում` հարյուրամյա վաղեմության դեպքերի միասնական մեկնաբանմանը հանգելու համար:

«Երեկոն անողոք կլինի միջոցների ընտրության հարցում»,- խոստացել է Քալիսը:

2015-ին Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»: