14 մայիսի 2016 - 10:10 AMT
Արցախում զինվոր է վիրավորվել

Մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը:

Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց):

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մայիսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը:

Ինչպես հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, հատկապես ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններում, որոնց ընթացքում հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 116 արկ:

Հատկանշական է, որ հակառակորդը, իր սովորության համաձայն, շտապել է շփման գծում իրադրությունն ապակայունացնելու իր քայլերը բարդել ղարաբաղյան կողմի վրա, ինչը իրականությանը չի համապատասխանում: