14 մայիսի 2016 - 16:52 AMT
Քաղաքապետ. Մայիսի 13-ի կրակոցներից Մարտակերտի բնակավայրերը չեն տուժել

Մայիսի 13-ի կրակոցներից Մարտակերտի բնակավայրերը չեն տուժել, լարվածությունը հիմնականում դիրքային է եղել: Այս մասին հայտնել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը:

Մայիսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը: Հատկապես ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններում, որոնց ընթացքում հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 116 արկ:

Գյուրջյանը նշել է, որ Մարտակերտում հանգիստ է, մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով, գրում է Panorama.am-ը:

Մարտակերտի բնակիչներից մեկն էլ նշել է, որ իրենց համար կրակոցները սովորական երևույթ են դարձել:

Քաղաքապետի խոսքերով՝ թեև այս գիշեր ավերածություններ չեն եղել, սակայն ապրիլյան պատերազմի ընթացքում Մարտակերտը լուրջ վնասներ է կրել, բազմաթիվ տներ և ենթակառուցվածքներ են վնասվել: