16 մայիսի 2016 - 12:18 AMT
Արցախը ճանաչելու մասին օրինագիծը դրական եզրակացություն չստացավ. ԱԺ օրակարգ չի մտնելու

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից չի ստացել դրական եզրակացություն:

Քննարկումից հետո հայտարարվել է քվեարկություն, որին հանձնաժողովի անդամ պատգամավորները չմասնակցեցին, արդյունքում միայն ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանն է դեմ քվեարկել, կողմ՝ Թևան Պողոսյանը:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ հեղինակների օրինագիծը ԱԺ օրակարգ չի մտնի: Իսկ մինչ քվեարկությունը պատճառաբանել է՝ «դեռևս ժամանակը չէ, բայց այդ ժամանակը հեռու չէ», մեջբերում է Tert.am-ը:

«Համաձայն եմ եղել Փոստանջյանի այն առաջարկին, որ պետք է ճանաչել ԼՂՀ-ն, բայց անհամաձայնությունն այն է, երբ է այդ ժամանակը, իմ խորին համոզմամբ դեռ չի հասունացել, մեզ համբերություն է անհրաժեշտ: Չհիմնավորված նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք չունենք, սա պետք է լուռ հարյուր տոկոս համաձայնությամբ, առանց քննարկելու ընդունենք»,-ասել է նա:

Զաքարյանը հավելել է, որ եթե լինեն լայնածավալ ռազմական գործողություններ և այլ ճանապարհ չլինի, դժվար չի լինի քվեարկել առանց քննարկումների: Սակայն, ըստ նրա, խնդիրն այն է, որ Մինսկի խմբում պետք է լինի ճանաչման գործընթաց, որ Հայաստանը մենակ չլինի:

ԱԺ արտաքին մշտական հարաբերությունների հանձնաժողովում մայիսի 16-ին սկսվել էր «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկումը:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը քննարկմանը հայտարարել է, որ Արտաքին գործերի նախարարությունը դրական եզրակացություն չի տվել այս նախագծին՝ նշելով որ այս պահին նպատակահարմար չէ հարցի ճանաչումը, որը կարող է բանակցային գործընթացին խանգարել: Ըստ նրա, կառավարությունն էլ դրական եզրակացություն է տվել ԱԳՆ-ի հենց այդ եզրակացությանը և ոչ թե Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծին:

«Կառավարությունը ձեր նախաձեռնությանը դրական եզրակացություն չի տվել»,-հայտարարել է նա և խորհուրդ տվել ընդանուր առմամբ իրավիճակն ու այսօրվա խնդիրները տարանջատել տվյալ օրենսդրական նախաձեռնությունից:

Փոստանջյանը հարցրել է, թե այն գործողություններից հետո նորից նույն հունո՞վ պետք է ընթանան բանակցությունները, թե զրոյից պետք է սկսեն: Քոչարյանը պատասխանել է, թե այսօր խոսել բանակցային գործըթացի մասին անիմաստ է: «Անհրաժեշտ է, որպեսզի լինի կայուն զինադադար, պետք է վստահության միջոցներ կյանքի կոչվեն, չի ապահովված հիմքը»,-ասել է նա:

Բագրատյանը ասել է, որ եթե փոխարտգործնախարարը նշում է, թե բանակցային գործընթաց չկա, այդ դեպքում ինչու է ասում, որ ԼՂՀ անկախության ճանաչումը կխանգարի բանակցային գործընթացին: «Դուք առաջարկում եք, եթե այսպես շարունակվի, օրական երկու-երեք հոգի մահանա՞ն, հա՞, բա որտեղից գտնենք այդ երկու-երեք հոգուն, ո՛չ պատերազմ, ո՛չ խաղություն եք առաջարկում»,-ասել է նա:

Քոչարյանը նկատել է, որ նախագծի հետ հարցը կապ չունի, թեև կարևոր է: Ըստ նրա՝ փակ նիստին կարող են անդրադառնալ նման հարցերին: Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խոստացել է, որ փակ նիստ կլինի առաջիկայում և Բագրատյանին էլ կհրավիրեն:

Իր մոտեցումը ներկայացրել է նաև Արտակ Զաքարյանը, ով ասել է, թե հարցին չպետք է էմոցիոնալ մոտենալ: Ըստ նրա, Ադրբեջանից բացի, այլ երկիր չկա, որ Ղարաբաղի ճանաչմանը դեմ լինի, բայց դա պետք է արվի միջազգային հանրության դիրքորոշմամբ՝ ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակներում:

Նա նշել է, թե միջազգային գործընկերները մի քանի անգամ անդրադաձել են այս խնդրին, հասնել կայուն զինադադրի, ունենալ հստակ երաշխիքներ և իմանալ, որ կետից սկսել ընդհատված բանակցությունները:

ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն սահմանված կարգի համաձայն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը պարզաբանում ներկայացրեց «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ: «ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ ասված է, որ օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննար¬կում¬ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները: Հետևաբար, այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել»,-ասել է նա: