16 մայիսի 2016 - 14:43 AMT
FT. Հայոց ցեղասպանության ճանաչումը Բունդեսթագի կողմից կզայրացնի Թուրքիայի նախագահին

Գերմանիայի խորհրդարանը շարունակում է քայլերն՝ ուղղված օրինագծի ընդունմանը, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը` քայլ, որը, հավանաբար, կզայրացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կսպառնա փախստականների վերաբերյալ ԵՄ-Թուրքիա փխրուն գործարքին, գրում է Tert.am-ը The Financial Times-ի վրա հղումով:

Հունիսի 2-ին նախատեսված քվեարկությունը տեղի կունենա էրդողանի հասցեին ուղղված գերմանացի երգիծաբանի վիրավորական բանաստեղծության շուրջ ստեղծված դիվանագիտական սկանդալի և փախստականների վերաբերյալ գործարքում կենտրոնական բաղադրիչ հանդիսացող Շենգենյան գոտում թուրքերի համար առանց վիզայի ճանապարհորդելու իրավունքի վերաբերյալ ԵՄ-ում աճող մտահոգությունների ֆոնին:

Այս քայլը կարող է է՛լ ավելի բարդացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինտենսիվ ջանքերը` հանգստացնել Էրդողանին և համոզել նրան դադարեցնել փախստականների վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրը տապալելու սպառնալիքները: Մերկելը կարող է ևս մեկ անգամ հանդիպել Թուրքիայի նախագահին. նա պետք է այցելի Ստամբուլ՝ ՄԱԿ-ի համաժողովին մասնակցելու համար:

Բունդեսթագը սկսել է քննարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը դեռ անցած տարի Ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ, բայց անգամ 2015 թվականի ապրիլին խորհրդարանական թեժ բանավեճից հետո Մերկելի կառավարությունը դիմադրեց քվեարկություն անցկացնելու ընդդիմադիր Կանաչների կուսակցության ջանքերին: Անգամ փախստականների ճգնաժամից առաջ Մերկելը մտահոգված էր թուրք-գերմանական հարաբերություններին սպառնացող պոտենցիալ վտանգի պատճառով:

Այնուամենայնիվ, կառավարությունն որոշել է, որ այլևս չի կարող շարունակել իշխող կոալիցիայի տանող գիծը և անտեսել Ցեղասպանության դատապարտման վերաբերյալ հնչեցվող հայտարարությունները, այդ թվում՝ Հռոմի պապի կողմից:

Կանաչների կուսակցության հետ բանակցություններից հետո Քրիստոնեա-դեմոկրատական միություն- Քրիստոնեա-սոցիալական միության՝ CDU/CSU-ի և Սոցիալ- դեմոկրատական կուսակցության՝ SPD-ի ղեկավարները համաձայնել են պաշտպանել Ցեղասպանության մասին որոշումը: Սա նշանակում է, որ այն գրեթե անկասկած կընդունվի, գրում է թերթը:

2015-ին Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն տվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:

Չնայած տեքստը դեռ չի հրապարակվել, օրակարգը ներկայացնող տեքստն արդեն պարզ է դարձնում մտադրությունները. «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին»:

Քվեարկության հետաձգումը նշանակում է, որ այն տեղի է ունենում անգամ շատ ավելի անհարմար ժամանակ, քան մեկ տարի առաջ էր: Այնուամենայնիվ, Կանաչների կուսակցության՝ թուրքական ծագմամբ ղեկավարներից Չեմ Օզդեմիրը Bild Am Sonntag թերթին ասել է. «Շատ հնարավոր է, որ Անկարայում զայրույթի ալիք կլինի: Բայց Բունդեսթագը թույլ չի տալիս իրեն շանտաժի ենթարկել Էրդողանի նման բռնակալի կողմից»:

Գերմանացի մտավորականները, այդ թվում` թուրքական ծագում ունեցող ռեժիսոր Ֆաթիհ Ակինը, բաց նամակով դիմել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագին` կոչ անելով Մերկելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը հունիսի 2-ին ընդունվելիք բանաձևով: Բաց նամակը հրապարակվել է Die Zeit գերմանական պարբերականում: Նամակում գերմանացի մտավորականները կոչ են անում «հստակ դիրքորոշում ցույց տալ հունիսի 2-ին և հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը կոչել իր անունով` ցեղասպանություն»:

Ընթերցեք նաև. Ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Գերմանացի մտավորականների, այդ թվում՝ Ֆաթիհ Ակինի կոչը Մերկելին