16 մայիսի 2016 - 15:12 AMT
ԼՂՀ ԱԺ-ում քննարկել են զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող սոցիալական օժանդակության հարցը

Մայիսի 16-ի տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Արամ Գրիգորյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Պետական բյուջեի 2015թ. կատարողական հաշվետվություններով հանդես են եկել առողջապահության և սոցիալական ոլորտի պատասխանատուները:

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը ներկայացրել է ոլորտի 2015-ի կատարողականը, որի համաձայն, պետական բյուջեից բնագավառին է ուղղվել 5մլրդ 750մլն դրամ, կատարողականը՝ 5 մլրդ 499,8 դրամ կամ նախատեսվածի 95,6%-ը:

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի ներկայացմամբ ոլորտին է հատկացվել 20մլրդ 761մլն 292հազ դրամ, կատարողականը՝ 19 մլրդ 228 մլն 863 հազ դրամ կամ՝ նախատեսվածի 92,6%- ը:

ԱԺ պատգամավորները կառավարության լիազոր ներկայացուցիչներին են առաջադրել հանրապետություն ներկրվող դեղորայքի որակին, առողջապահության բնագավառում իրականացվող կադրային քաղաքականությանը, ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող սոցիալական օժանդակությանը և բնակչության կենսաթոշակային համակարգին վերաբերող հարցեր:

ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների հանձնաժողովային քննարկումները կշարունակվեն նաև մայիս 17-ին, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը տեղեկատվություն էր ներկայացրել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգևավճարների, միանվագ գումարների և նպաստների չափերի մասին:

Ընթերցեք նաև. Ինչ աջակցություն է ցուցաբերում ԼՂՀ-ն զոհված և հաշմանդամ զինվորների ընտանիքներին