Բրիտանական The Guardian-ը մայիսի 16-ին հրապարակել է լրագրող Լիանա Աղաջանյանի հոդվածը «Տեղաբնակի ուղեցույցը Երևանով. Քաղաք, որտեղ Քանյե Ուեսթը հաճույքով լողաց Կարապի լճում», որտեղ ընթերցողին է ներկայացվում աշխարհի ամենահին ու գեղեցիկ քաղաքներից մեկի կյանքը:
Երևանը, որը ռուս գրող Վասիլի Գրոսմանը նկարագրել է որպես «արտաքին շղարշից զուրկ կենդանի օրգանիզմ», 29 տարով մեծ է Հռոմից:
Ըստ հոդվածի, Երևանի ճարտարապետական մարգարիտը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն է: Այն անվանակոչվել է Խորհրդային Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարի պատվին, այդ համերգասրահում ելույթ են ունեցել ինչպես հայ, այնպես էլ միջազգային մակարդակի կատարողներ, այդ թվում Deep Purple-ը 2010-ին և լենգենդար ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը:
«Երևանում շատ հեշտ է ընկերանալ և նոր ծանոթներ ձեռք բերել: Քաղաքը մեծ չէ, իսկ հայերը շատ հյուրասեր են, ուստի թվում է, որ 6 ձեռքսեղմման տեսության համաձայն այստեղ 2-ը կլինի: Անծանոթ մարդկանց բարում երբեմն մի քանի րոպե է հարկավոր ընկերանալու համար»,-ասվում է հոդվածում:
Ըստ պարբերականի, Երևանի լավագույն վայրերից է Թումո Կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնը, որը 2011-ից ի վեր դարձել է Երևանում ամենահետաքրքիր իրադարձությունների կենտրոնը:
The Guardian-ը նաև նշում է ոճային կերպարները Երևանի փողոցներում, մեծաթիվ տաղանդավոր մարդկանց, հետաքրքիր ու տարաբնույթ գրաֆիտիները, որոնք զարդարում են քաղաքն, ու դրանց հեղինակներին:
Հոդվածում անդրադարձ կա նաև արդեն 25 տարի տևող ղարաբաղյան հակամարտությանը և Հայոց ցեղասպանությանը, մանրամասն նկարագրված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: