16 մայիսի 2016 - 21:20 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սարգսյան-Մոգերինի հանդիպում. Կարևոր է, որ ԵՄ ներկայացուցիչներն այցելեն ԼՂ հակամարտության տուժած շրջաններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 16-ին, Վիեննայում հանդիպել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի զարգացումներին և անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում հանգամանալից անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության շփման գոտում ապրիլի սկզբին հրադադարի կոպիտ խախտման հետևանքով առաջացած լարվածության աճին և ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություններին, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահ Սարգսյանը՝ ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ` կարևորել է 1994թ. հրադադարի և 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցառումների համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը, որպես խնդրի կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը նպատակաուղղված առաջին քայլ:

Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին և պատրաստակամություն հայտնել սատարելու հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման հարցում: Այդ առումով հայկական կողմը կարևորել է ԵՄ ներկայացուցիչների այցելությունները հակամարտությունից տուժած շրջաններ:

Հույս է հայտնվել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ Վիեննայում նույն օրը կայանալիք հանդիպումները կնպաստեն ստեղծված իրավիճակի հաղթահարմանը, տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում գործակցությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում է աշխատանքային այցով: Ավստրիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ, այդ թվում սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Կարդացեք նաև՝ Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարները կմասնակցեն Սարգսյան-Ալիև հանդիպմանը

ՖՈՏՈՇԱՐՔ