16 մայիսի 2016 - 22:22 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ նախագահը՝ Քերիին. Բանակցությունների վերսկսման համար պետք է իրականացվեն 1994-95-ի զինադադարի համաձայնագրերը

Աշխատանքային այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 16-ին, Վիեննայում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Կողմերը քննարկել են 2016-ի ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները: Կարևորելով ՄԽ համանախագահների մայիսի 12-ի հայտարարությունը` նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է ապահովել 1994-ի զինադադարի մասին և 1995-ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի լիարժեք իրականացումը, ինչպես նաև զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շուտափույթ ներդրումը, ընդգծելով փաստը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարներն են նախաձեռնել ներկայիս հանդիպումը:

Մայիսի 12-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն: Դրանում ասվում էր նաև. «Մեր երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը լինելու է զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը և վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը, որը կվերականգնի բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ»:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նրանք նույնպիսի հետևողականությամբ իրենց հասցեական դիրքորոշումներով ու հստակ քայլերով կնպաստեն բանակցությունների վերսկսման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում է աշխատանքային այցով: Ավստրիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ, այդ թվում սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Կարդացեք նաև՝ Սարգսյան-Մոգերինի հանդիպում. Կարևոր է, որ ԵՄ ներկայացուցիչներն այցելեն ԼՂ հակամարտության տուժած շրջաններ

ՖՈՏՈՇԱՐՔ