17 մայիսի 2016 - 01:13 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սարգսյան-Ալիև հանդիպումը․ Մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ կներդրվեն

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994-ի զինադադարի և 1995-ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Հանդիպումն առաջինն էր ապրիլին Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած լայնածավալ պատերազմական գործողություններից հետո:

Ավելի վաղ նախագահ Սարգսյանը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին ու Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին։

ՖՈՏՈՇԱՐՔ