17 մայիսի 2016 - 15:24 AMT
Պեսկով. Վիեննայի հանդիպումը զգուշավոր լավատեսության հիմքեր է տալիս

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած հանդիպումը հիմքեր է տալիս զգուշավոր լավատեսության համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Երկու նախագահների հանդիպման մասին լրագրողի այն հարցին, թե ըստ Կրեմլի, «կարելի է ասել, որ հակամարտության սուր փուլն անցել է»` Պեսկովը պատասխանել է. «Անկասկած, անհրաժեշտ գնահատականները տվել է ՌԴ արտգործնախարարը: Ցանկանում ենք հուսալ, որ հիմքեր կան զգուշավոր լավատեսության համար այն առումով, որ դա թույլ կտա ավելի կայուն շրջան ունենալ», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Ջոն Քերին և Արլեմ Դեզիրը համատեղ հայտարարություն են տարածել: «Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարությունում:

Ընթերցեք նաև. Հայտարարություն. Նախագահները համաձայն են արագորեն ավարտել հետաքննական մեխանիզմների ներդրումը