2 մարտի 2007 - 15:28 AMT
Բաքուն եւ Թբիլիսին հերքում են երկրներում ԱՄՆ ՀՀՊ ռադիոլոկատորների հնարավոր տեղակայման մասին տեղեկությունները
Վրաստանի պաշտպանության նախարարությունում ձեռնպահ են մնացել մեկնաբանություններ անելուց Հարավային Կովկասի երկրներից մեկում ԱՄՆ ՀՀՊ ռադիոլոկատորային համակարգի հնարավոր տեղակայման վերաբերյալ: «Մենք դեռեւս չենք մեկնաբանելու այս հարցը: Հնարավոր է, օրվա ընթացքում ինչ-որ բան կփոխվի, եւ մենք պաշտոնական հայտարարություն կանենք»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցը` պատասխանելով հարցին, արդյոք Վրաստանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ է տանում իր տարածքում ՀՀՊ համակարգ տեղակայելու վերաբերյալ:

Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հարցով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Գաբաշվիլին հերքել է ռուս փորձագետների կարծիքն այն մասին, որ այդ համակարգը կարող է տեղ գտնել Վրաստանում: Ավելի վաղ Թբիլիսիում մամլո ասւոլիսի ժամանակ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գելա Բեժուաշվիլին հերքել է ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ-ն իբր առաջարկել են երկրի տարածքում ՀՀՊ ամերիկյան համակարգ տեղադրել: «Նման խնդրանք չի եղել եւ մենք այդ հարցով որեւէ պաշտոնական հաղորդագրություն չենք ստացել»,- նշել է Բեժուաշվիլին, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:

Մինչ այդ, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքել է հանրապետության տարածքում ամերիկյան հակահրթիռային համակարգի ռադարների հնարավոր տեղադրման մասին տեղեկությունները: Լրագրողների հարցին այն մասին, թե հնարավոր է արդյոք նման տեղակայում ապագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ պաշտպանության գերատեսչությունը չի կարող մեկնաբանել նման հարցերը, հայտնում է «Վեստին»: