19 մայիսի 2016 - 14:45 AMT
Ուկրաինայում ՀՀ դեսպան. Հայ և ադրբեջանական համայնքների ղեկավարները կհանդիպեն

Լվովում հայտնի սպորտային միջոցառումից հետո լարվածությունն ինչ-որ կերպ լիցքաթափելու համար առաջարկ է եղել, որպեսզի մայիսի 19-ին Ուկրաինայի ժամանակով ժամը 12-ին հանդիպեն Ուկրաինայում հայ և ադրբեջանական համայնքների ղեկավարները: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, հայտնում է Tert.am-ը:

Ուկրաինական Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի քունգ ֆուի առաջնության ժամանակ ադրբեջանական հավաքականի մարզիկները ներխուժել էին ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ՝ հարձակվելով Հայաստանի հավաքականի անդամների վրա, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը։ Ավելին` ադրբեջանցիները նույնիսկ ֆեդերացիայի նախագահին էին փորձել հարվածել մահակներով: Դրանից հետո՝ մայիսի 16-ին հայերի և ադրբեջանցների միջև տեղի էր ունեցել բախում:Լվովի սրճարաններից մեկի մոտ ծեծկռտուք է տեղի ունցել հայերի և ադրբեջանցիների միջև, 6 մարդ տուժել է:

«Մայիսի 18-ին առաջարկություն եղավ, որ մայիսի 19-ին ներքին գործերի բաժնի պետի ներկայությամբ հանդիպեն հայ և ադրբեջանական համայնքների ղեկավար կազմերը, որպեսզի կարողանան միասին քննարկել այդ հաշտության եզրերը, որ կարողանանք հարցին խաղաղ լուծում տալ»,– ասել է նա:

Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին թե մայիսի լույս 19-ի գիշերը Լվովում ադրբեջանցիների ու հայերի միջև բախումներ են եղել, ինչին միջամտել են անգամ քրեական հեղինակություններ` դեսպանն ասել է. «Ով ասում է նման բաներ, հիմարություններ է ասում, ես եմ զբաղվում և անձամբ հայ համայնքի ղեկավարը՝ Վիլեն Շատվորյանը… ինչպես նաև այստեղ հարգանք վայելող անձինք: Օրինակ` այստեղ մի շատ լավ՝ Նիկոլայ անունով մարդ կա, նրան էլ ենք ներգրավել: Պաշտոնական, նաև ոչ պաշտոնական մեր բոլոր հնարավորությունները կիրառում ենք, որ հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով և լարվածությունն ավելի չխորանա»:

Ուկրաինայում, ըստ ՀՀ դեսպանի, բնակվում է մոտ 500 000 հայ, այդքան էլ՝ ադրբեջանցի:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել` նշելով, որ Լվովում իրավիճակի հետ կապված խուճապային տրամադրություններ տարածողներն ավելի շատ են վտանգում մեր հայրենակիցների անվտանգությունը: «Ինչ վերաբերում է դեսպանության գործունեությանը, ապա մեր դիվանագիտական ներկայացուցչությունը գործում է օպերատիվ և համարժեք»,-գրել էր նա: