19 մայիսի 2016 - 15:49 AMT
Ներկրողների համար հուշաթերթ է կազմվելու. Հանձնարարվել է ստեղծել հարկային և մաքսային հավասար պայմաններ

ՀՀ կառավարության մայիսի 19-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով նախորդ օրը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած իր տեսլականին, հանձնարարական է տվել էկոնոմիկայի նախարարին կազմել հուշաթերթ, որպեսզի ներկրումով զբաղվողների համար հասանելի և պարզ լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար:

Վարչապետը հանձնարարել է այդ հուշաթերթը տեղադրել նախարարության կայքում: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև լաբորատոր ստուգումների արդար արդյունքների ապահովումը:

Աբրահամյանը հանձնարարական է տվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի բոլոր ներկրողների համար ստեղծեն հարկային և մաքսային հավասար պայմաններ և ընդգծել է, որ այդ գործընթացը լինելու է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության հսկողության ներքո՝ ստուգելու են շաբաթը կամ ամիսը մեկ անգամ:

Մայիսի 12-ին Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պայքար է սկսում կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ` գերատեսչությունների ղեկավարներին երեք շաբաթ ժամանակ տալով իրավիճակը վերլուծելու և ներկայացնելու:

Կարդացեք նաև՝ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման վարչություն կստեղծվի