19 մայիսի 2016 - 16:04 AMT
ՀՀ քաղաքացու խոշտանգումների ու սպանության վերաբերյալ գանգատի գործը ՄԻԵԴ-ում հաղորդակցության փուլում է

Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի խոշտանգումների ու սպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի գործը գտնվում է հաղորդակցության (կոմունիկացիայի) փուլում: Այդ մասին հայտնել է սպանված ՀՀ քաղաքացու ծնողների՝ Մամիկոն Սարիբեկյանի և Սիրանուշ Բալյանի, ներկայացուցիչ Արա Ղազարյանը, հայտնում է «Փաստինֆո»-ն:

Արա Ղազարյանը ստացել է Ադրբեջանի կառավարության նկատառումները, որոնց պատասխանելու համար իրեն ժամկետ է տրվել:

Գանգատը ՄԻԵԴ ներկայացվել է 2011թ.՝ սպանված ՀՀ քաղաքացու ծնողների անունից: Մանվել Սարիբեկյանի ծնողներն ու նրանց ներկայացուցիչը ՄԻԵԴ-ից խնդրում են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ Կյանքի իրավունք և 3-րդ՝ Խոշտանգումների արգելում, հոդվածների խախտումները:

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը (ծնված՝ 27.02.1990թ). գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին 20-ամյա երիտասարդը ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում մառախուղի հետեւանքով կորցնելով կողմնորոշումը նա հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա և գերեվարվել ադրբեջանցիների կողմից: 2010-ի նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Մանվել Սարիբեկյանի դին՝ խոշտանգված։ Դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ կատարված սպանության համար, իսկ նախաքննությունն իրականացրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը

2010թ. նոյեմբերի 5-ին նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ Մանվելի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնք ունեին խոշտանգման հատկանիշներ, չէին կարող առաջանալ կախվելու հետևանքով և որոնք առաջացել էին մահվանից մեկ և երկու օր առաջ: Գյուղի մի շարք բնակիչներ, ովքեր մասնակցել էին Մ. Սարիբեկյանի հուղարկավորությանը, նույնպես նկատել էին նրա մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող գործի քննությունը կասեցվել է, քանի որ Ադրբեջանն այդպես էլ չէր կատարել միջազգային պարտավորությունները եւ կոնվենցիայի շրջանակներում ուղարկված հարցումները մնացել են անպատասխան: