20 մայիսի 2016 - 09:03 AMT
Հարաբերական անդորրը շփման գծում պահպանվել է

Մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին հաստատված համեմատաբար հանգիստ իրադրությունը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ, Ադրբեջանը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մայիսի 19-ին ադրբեջանական կողմը հրդեհել էր չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակ ունենալով վնաս պատճառել ղարաբաղյան կողմին, մասնավորապես սահմանամերձ ցանքատարածություններին:

Մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաողրդմամբ, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: