20 մայիսի 2016 - 20:53 AMT
Սարգսյանն ու ԱՄՆ փոխնախագահը կարևորել են Վիեննայի պայմանավորվածությունների իրագործումը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 20-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրներ:

Երկուստեք կարևորվել է Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:

Կողմերը միակարծիք են եղել, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության միջնորդական ջանքերի շրջանակներում:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: