21 մայիսի 2016 - 11:31 AMT
Բաբայանը՝ Պոպովի հայտարարության մասին. Ողջունում ենք, բայց պետք է մասնակցենք բանակցության բոլոր փուլերին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ողջունելի է համարում ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի հայտարարությունն այն մասին, որ շրջանակային համաձայնագրի ստորագրման փուլում Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, սակայն հակադարձում է, որ մասնակցությունը չպետք է լինի փուլային:

«Կա երկու մոտեցում, ողջունում եմ, որ արդեն բացեիբաց խոսում են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, բայց Արցախի մասնակցությունը բանակցային պրոցեսին պետք է լինի համապարփակ:

Մենք պետք է մասնակցենք ցանկացած հարցի շուրջ մտքերի փոխանակումից մինչև բանաձևերի, մոտեցումների ամրագրում, փաստաթղթերի կազմում, ընդհանրական մոտեցումներ ձևավորելու», - ասել է Բաբայանը՝ հավելելով, որ սա է թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով ամենաճիշտ ու տրամաբանական մոտեցումը, գրում է Tert.am-ը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին` ասելով. «Ենթադրում եմ, թե որոշակի փուլում, օրինակ` շրջանակային համաձայնության ձեռք բերումից հետո ղարաբաղցիները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»: