21 մայիսի 2016 - 13:15 AMT
Գառնեցիները Երևան տանող մայրուղին փակ են պահում. Վարչապետի այց է սպասվում

Գառնի գյուղի բնակիչները մայիսի 21-ի առավոտվանից շարունակում են փակ պահել Երեւան-Գառնի ճանապարհը:

Նրանք պահանջում են դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները:

Կառավարության որոշմամբ՝ Ազատ գետի ջուրը պետք է վերցվի խողովակի մեջ և ուղղվի Արարատի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերը: Գառնիի բնակիչներն ասում են, ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տեղափոխել Արարատի մարզի 12 գյուղ, որտեղ, ըստ գառնեցիների, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք այլ պաշտոնյաներին պատկանող այգիներն են:

Գառնեցիները հայտնել են, որ 4 օր է արդեն Ազատ գետի կիրճում վերսկսվել են շինաշխատանքներ, ավելի մեծ թափով և նախկին 3 տեխնիկայի փոխարեն այժմ այնտեղ աշխատում է թվով 6 տեխնիկա:

Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ այդ ջրով ոռոգվելու են վարչապետին պատկանող հողատարածքները, ինչպես նաեւ ջուրն օգտագործվելու է վարչապետին պատկանող ձկնաբուծարանների համար, հայտնում է Ա1+-ը:

Ի դեպ, մայիսի 21-ին նախատեսվում է վարչապետի այցը Գառնի:

Photo` Ecolur