23 մայիսի 2016 - 13:11 AMT
DW. Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, կարծես, անխուսափելի է

Հունիսին Բունդեսթագը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը. Քրիստոնյա-դեմոկրատական Դաշինքը, Քրիստոնյա-սոցիալիստական դաշինքը, Սոցիալ-Դեմոկրատներն ու Կանաչների կուսակցությունը, կարծես, համաձայնության են եկել բանաձևի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է Deutsche Welle պարբերականը, խմբակցությունների հնարավոր քվեարկության պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստիպված կլինի դժվարին բանակցություններ ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթն ու Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքն որակել են 1915-ի կոտորածը որպես ցեղասպանություն դեռևս 2015 թվականին, սակայն խորհրդարանի մակարդակով ճանաչում այն ժամանակ տեղի չունեցավ:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալթեր Շթայնմայերը, սակայն, չի կարծում, որ բանաձևի ընդունումը կօգնի հաշտվել անցյալի հետ: Օրինագիծը պիտի ընդունվեր դեռ փետրվարին, սակայն հետաձգվեց՝ փախստականների վերաբերյալ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև բանակցությունների պատճառով:

Այժմ քաղաքական ուժերը պայմանավորվել են, որ քվեարկությունը կկայանա 2016-ի առաջին կիսամյակի ընթացքում: Հայտարարությունը նախատեսվում է քննարկել հունիսի 2-ին:

Փաստաթղթի տեքստը հրապարակված չէ: Այն կրում է «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին» անվանումը: Այնուամենայնիվ, օրինագիծը չի դրվի անվանական քվեարկության. դա նշականում է, որ պատգամավորներն, ովքեր քվեարկելու ցանկություն չեն ունենա, կարող են ձեռնպահ մնալ: