23 մայիսի 2016 - 18:10 AMT
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ հեղինակավոր Coupe de France-ի 10-րդ տեղում

2015-ի երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի և աշխարհի փոխչեմպիոն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Coupe de France հեղինակավոր մրցաշարի խմբակային վազքում 10-րդ տեղում է:

Ֆրանսիայի ազգային հեծանվահրապարակում մայիսի 20-21-ին կայացած հեղինակավոր մրցաշարի անհատական հետապնդումով հեծանվավազքի մրցումներում 19-ամյա Էդգար Ստեփանյանը մեծահասակների պայքարում կարողացել է դուրս գալ եզրափակիչ փուլ և ի վերջո զբաղեցրել է 6-րդ տեղը:

Միավորներով 160 շրջան խմբակային վազքի մրցաձևում Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ տեղը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Այս մրցաձևերում հաղթող է ճանաչվել աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի Թոմաս Բուդան:

2015 թվականին Աթենքում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնության «Կրատչ» մրցաձևում (40 կմ խմբային վազք) հայաստանցի 18-ամյա Ստեփանյանը Եվրոպայի չեմպիոն է հռչակվել՝ դառնալով առաջին հայ հեծանվորդը, որը ոսկե մեդալ է նվաճում Եվրոպայում: 2014-ին Սեուլում անցկացված աշխարհի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնության խմբային վազքում նա նվաճել է բրոնզե մեդալ: Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նույն` խմբային վազք մրցաձևում 17-ամյա Էդգարը գրավել է հինգերորդ տեղը: