6 մարտի 2007 - 16:27 AMT
ՀՀ-ի եւ Ռումինիայի համագործակցությունը հատուկ կարեւորություն է ներկայացնում Հայաստանի եվրաինտեգրման համատեքստում
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ռումինիայի նորանշանակ դեսպան Քրինա Ռոդիկա Պրունարիուն, հայտնում է Նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ հայ-ռումինական քաղաքական երկխոսությունը բավականին ակտիվ եւ դինամիկ է եւ, միեւնույն ժամանակ, նշել է պայմանագրա-իրավական բավարար հիմքը համագործակցության ընդլայնման համար, որը հատուկ կարեւորություն է ստացել ԵՄ-ին Ռումինիայի անդամակցությունից հետո: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, հայ-ռումինական հարաբերությունները հատուկ դեր են խաղում Հայաստանի եվրաինտեգրման համատեքստում: ՀՀ ղեկավարը հավելել է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը հարաբերությունների խորացման համար լուրջ հնարավորություններ է ընձեռում: