24 մայիսի 2016 - 11:57 AMT
Հայերը Հարավային Կովկասի ամենաերկարակյաց ժողովուրդն են, հետխորհրդային տարածքում՝ երկրորդը

Հայաստանը Հարավային Կովկասում առաջին երկիրն է կյանքի ակնկալվող միջին տևողության ցուցանիշով:

Նման տվյալներ են հետևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած Global Health Observatory (Առողջության միջազգային հետազոտություն) զեկույցից:

Հայաստանի բնակիչներն ապրում են միջինը 74.8 տարի (տղամարդիկ՝ 71.6, կանայք՝ 77.7): Ադրբեջանի բնակիչներն ապրում են միջինը 72.7 տարի, Վրաստանում՝ 74.4 տարի: Իրանում կյանքի միջին տևողությունը կազմում է 75.5 տարի, Թուրքիայում՝ 75.8 տարի:

Հայաստանը ցուցանիշով երկրորդն է հետխորհրդային երկրների շարքում. առջևում է միայն Էստոնիան, որտեղ ապրում են միջինում 77.6 տարի:

Եվրոպայում բոլորից երկար ապրում են շվեյցարացիները (83.4 տարի):

Համաշխարհային մակարդակով կյանքի միջին տևողությունը կազմում է 71.4 տարի: 22 երկրում՝ գերազանցապես աֆրիկյան հանրապետություններում, մարդիկ ապրում են 60 տարեկանից պակաս, 29 երկրում կյանքի միջին տևողությունը կազմում է 80 տարի և ավելի: