6 մարտի 2007 - 17:18 AMT
Շվեյցարիայի արդարադատության նախարարը խիստ քննադատության է ենթարկվել թուրք գործընկերոջ հետ հանդիպման համար
Շվեյցարիայում խիստ քննադատության տեղիք են տվել այդ երկրի արդարադատության նախարար Քրիստոֆ Բլոխերի հանդիպումները Թուրքիայի արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքի հետ, որոնք կայացել են Հայոց ցեղասպանությունն ուրանալու համար մեղադրվող` Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեկի դատավարության նախօրեին: Կանաչների կուսակցությունից Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ուելի Լոյենբերգերն այդ հանդիպումները որակել է «սկանդալ», իսկ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր, շվեյցարա-հայկական պատգամավորական բարեկամության խմբի անդամ Դոմինիկ դը Բյումանը` «սադրանք»: Արդարադատության նախարարների հանդիպումից մեկ օր անց Փերինչեկը ժամանել է Շվեյցարիա` դատարանի առաջ կանգնելու երկու տարի առաջ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար, հայտնում է «Երկիր» թերթը: