25 մայիսի 2016 - 10:22 AMT
ԼՂՀ վարչապետի խոսնակ. #ԵկԱրցախ ֆլեշմոբ ենք սկսում

ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակը Արտակ Բեգլարյանը հայտարարել է նոր նախաձեռնության մասին` կոչ անելով ամառային արձակուրդն անցկացնել Արցախում և մասնակցել #ԵկԱրցախ ֆլեշմոբին:

Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ֆլեշմոբի գաղափարը` նշելով, որ դրա շրջանակներում պետք է նկարահանվել (կա՛մ տեսանյութով, կա՛մ լուսանկարով) Արցախի որևէ տեսարժան վայրում կամ որևէ խորհրդանշի հետ և կոչ անել ընկերներին արձակուրդի մի մասն անցկացնել Արցախում:

«Տվյալ տեսանյութը կամ լուսանկարը ֆեյսբուքում տեղադրելիս՝ պետք է նշել (թագ անել) առնվազն 3 ընկերների, ովքեր իրենց հերթին պետք է 3-օրյա ժամկետում միանան ֆլեշ մոբին, ինչպես նաև արձակուրդի ընթացքում այցելել Արցախ:

Գրառումը կատարելիս ցանկալի է օգտագործենք #ԵկԱրցախ հաշթագը (արցախյան բառբառով նշանակում է «Արի Արցախ»), նույնը կատարել Արցախ այցելելուց հետո, որպեսզի բոլորը համոզվեն, որ իրագործել եք Ձեր խոստումը: Այս ֆլեշ մոբով և Արցախում արձակուրդ անցկացնելով ողջ հայությունն իր բարոյական ու նյութական աջակցությունը կցուցաբերի Արցախին՝ հատկապես ադրբեջանական ագրեսիայից հետո»,-ասվում է ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակի գրառման մեջ:

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վիկ (Վախթանգ) Դարչինյանն, որն այս օրերին գտնվում է Արցախում, նույնպես կոչ է արել ամառային հանգիստն անցկացնել Արցախում: «Հրաշք տեղ է, անհնար է չհիանալ Արցախի բնությամբ, տեսարժան վայրերով: Ու քանի որ ամառային արձակուրդների շրջանն է բացվում, ուզում եմ կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին իրենց արձակուրդների մի մասն անպայման անցկացնել Արցախում: Բացի այն, որ լիարժեք կհանգստանան ու հաճույք կստանան, դրանով նաև թշնամուն ցույց կտան, թե ովքեր են Արցախի իրական տերերը»,- ասել է Դարչինյանը:

2015-ի ամռանը Վարդենիս-Մարտակերտ մայրուղով Ռուսաստանից, Ուկրաինայից և Հայաստանից Արցախում ամառային հանգիստն անցկացնելու նպատակով ԼՂՀ է ժամանել ավելի քան 200 ընտանիք:

2015-ին The Guardian-ն Արցախն ընդգրկել է ամենաարկածային վայրերի ցանկում, որտեղ կարելի է անցկացնել արձակուրդը: Բրիտանական զբոսաշրջային Regent Holidays ընկերությունը տուրիստական ուղեգրեր է առաջարկում Երևանով դեպի Լեռնային Ղարաբաղ:

Վերջին տարիներին ԼՂՀ զբոսաշրջության ոլորտում զգալի առաջխաղացում է արձանագրվել: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2007 թվականից ի վեր ԼՂՀ օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թիվը մինչև 2013 թվականը միջին հաշվով աճում էր 40%: Նշված վիճակագրական տվյալները վերաբերում են միայն ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիներին, իսկ ՀՀ քաղաքացիները այդ վիճակագրության մեջ չեն ընդգրկվում: Ըստ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության դիտարկումների՝ ԼՂՀ-ում 2014 թվականին զբոսաշրջիկները գրեթե 6,4 միլիոն դոլարին համարժեք գումար են ծախսել: