25 մայիսի 2016 - 13:09 AMT
Ավագանու որոշումը. Երևանաբնակ զոհված զինվորների՝ վարձով ապրող 3 ընտանիք բնակարան կստանա

Երևանի ավագանին մայիսի 15-ի նիստում որոշել է բնակարաններ տրամադրել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհված երեք զինծառայողի ընտանիքներին:

«Իրականացվել են զոհված ընտանիքների բնակարանային պայմանների անհատական ուսումնասիրություններ: Պարզվել է, որ երեք ընտանիք վարձով է բնակվում: Նրանց նախատեսվում է տրամադրել բնակարաններ, որոնք լավ վիճակում են, ընտանիքները կարող են բնակություն հաստատել այնտեղ»,- նախագիծը ներկայացրել է քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության ղեկավար Արսեն Ամյանը:

Նախագծին կողմ քվեարկեցին բոլոր ներկաները, հայտնում է Armtimes.com-ը:

Բնակարաններ կստանան կամավոր Սարգիս Խալափյանի, պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի, ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի ընտանիքները: Սարգիս Խալափյանն ու Հրաչյա Մուրադյանը երեխաներ ունեն:

Մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք և ծառայական պարտքը կատարելու ժամանակ զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին միանվագ ապահովագրական գումարի չափը կազմում է 2 մլն դրամ, իսկ ծառայողական պարտականություններ կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում ընտանիքի անդամներին միանվագ վճարվում է 1 մլն դրամ փոխհատուցման գումար: Հաշմանդամ դարձած զինծառայողների համար ևս գործում է պետական ապահովագրության համակարգը. 1-ին խմբի հաշմանդամներին տրամադրվում է 500 հազար դրամի չափով միանվագ ապահովագրական գումար, 2-րդ խմբին՝ 400 հազար, 3-րդ խմբին՝ 300 հազար դրամ գումար: