27 մայիսի 2016 - 10:19 AMT
Դիլիջանի միջազգային դպրոցը` դեվելոփերական նախագծերի համաշխարհային մրցույթի արծաթե մրցանակակիր

UWC Dilijan College Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է FIABCI World Prix d’Excellence Awards 2016 դեվելոփերական նախագծերի համաշխարհային մրցույթի արծաթե մրցանակակիր:

RD Group UWC Dilijan College հոլդինգի նախագիծն արծաթե մրցանակի է արժանացել Public Infrastructure (Հանրային ենթակառուցվածքներ) անվանակարգում և առաջին նախագիծն է ԱՊՀ տարածքում, որը նման բարձր գնահատական է ստացել միջազգային փորձագիտական հանրության կողմից:

Մրցույթի հաղթողները հայտնի են դարձել մայիսի 25-ին` Պանամայում կայացած FIABCI World Prix d’Excellence Awards 2016 արարողության ժամանակ:

Պարգևը հանձնվել է RD Group հոլդինգի մարքեթինգի գծով տնօրեն Լուիզա Ուլանովսկայային և նախագծի ճարտարապետ Թիմ Ֆլիննին, հայտնում է հոլդինգի մամուլի ծառայությունը:

UWC Dilijan College -ը «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցն է Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ տարածքում: Դպրոցում ուսուցում իրականացվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma ծրագրով: 2017-ից Դիլիջանի դպրոցում կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը:

Հայաստանում միջազգային դպրոցի ստեղծման գաղափարը ծագել է 2006-ին: Բուն շինարարությունը մեկնարկել է 2012-ին: Դպրոցի շինարարությունն իրականացվում է աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 200 դոնորի միջոցների հաշվին: