27 մայիսի 2016 - 11:34 AMT
ՀԱՊԿ-ը համաձայնագիր կկնքի քրեական մարտահրավերներին համատեղ հակազդեցության մասին

Երևանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների և ոստիկանության ղեկավար կազմի հանդիպումը: ՌԴ ՆԳՆ առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել Նոր քրեական մարտահրավերներին համատեղ հակազդեցության մասին, որոնք սպառնում են ՀԱՊԿ երկրների հավաքական անվտանգությանը, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

Հանդիպանը մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յուրի Կարաևը, Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Եռլան Թուրգումբաևը, Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Կուրսան Ասանովը, Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի տեղակալ-պետական քարտուղար, ՌԴ 1-ին դասի պետական խորհրդական Իգոր Զուբովը, Տաջիկստանի ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Աբդուռահմոն Ալամշոզոդան:

Քննարկվել են հանցավորության դեմ պայքարում ՀԱՊԿ անդամ-պետությունների համագործակցության, ներքին գործերի մարմինների համար կադրերի պատրաստման, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների փոխգործակցության մեխանիզմի հանձնարարականների մշակման, հատուկ տեխնիկայի և միջոցների մատակարարման արտոնյալ պայմանների, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների պատրաստականության բարձրացման հարցեր:

Միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը ՀԱՊԿ ձևաչափով հակազդելու լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ ելույթ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Օրակարգի հարցերի քննարկման ընթացքում ընդգծվել է, որ անհրաժեշտ է միավորել ՀԱՊԿ անդամ պետությունների բոլոր կարողությունները և կատարելագործել համագործակցությունը ահաբեկչության, թմրասպառնալիքների, կազմակերպված հանցավորության, հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարում: Քննարկման արդյունքներն ամփոփվել են կառուցողական հանդիպման ավարտին ստորագրված արձանագրությամբ:

Մայիսի 26-ին ՀՀ նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Նա Հայաստանում էր ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-26-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում:

Ընթերցեք նաև. Սարգսյանն ու Բորդյուժան ՀԱՊԿ գործունեության ու տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել