12 մարտի 2007 - 15:36 AMT
Չորեքշաբթի Իսրայելի Քնեսեթը կարող է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Չորեքշաբթի օրը «Մերես» կուսակցությունը Քնեսեթում կբարձրացնի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը:
«Ազատություն» ռադիոկայանին այդ մասին հայտարարել է Իսրայելի Հայ դատի հանձնախմբի ղեկավարներից պատմաբան Ժորժետ Ավագյանը: «Կհուսամ, որ եթե այս անգամ բանաձեւը չընդունվի, ապա հաջորդ անգամ անպայման կընդունվի», - ասաց ժորժետ Ավագյանը: Իսրայելական զանգվածային լրատվամիջոցները դեռ չեն արձագանքել, քանի որ Քնեսեթում 6 պատգամավոր ունեցող «Մերես» կուսակցության անդամներն առանձին-առանձին են հանդիպում խորհրդարանականների հետ եւ հրապարակային հայտարարություններ չեն անում: Քնեսեթում արաբական կուսակցությունները ներկայացնող պատգամավորները հրաժարվել են մասնակցել ցեղասպանության հարցի քվեարկությանը. - «Ասացին` «Հասկանում ենք ձեզ, բայց Թուրքիան մահմեդական երկիր է»: Քնեսեթում գործող Իսրայել-Թուրքիա եւ Իսրայել-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբերը, ամենայն հավանականությամբ, կխանգարեն հարցի քննարկմանը կամ դեմ կքվեարկեն: Կան նաեւ Բաքվից ներգաղթած հրեա ռուսախոս պատգամավորներ, որոնք հաճախ են հակահայկական արտահայտություններ անում իսրայելական մամուլում: Իսրայելի գերագույն օրենսդիր մարմնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քվեարկության դնելու փորձ վերջին անգամ ձեռնարկվել է 5 տարի առաջ: