1 հունիսի 2016 - 13:03 AMT
Յունիսեֆ. ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության ռազմավարություն կմշակվի

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առաջիկա երեք տարիներին կգործադրեն համատեղ ջանքեր՝ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության բարելավման ուղղությամբ:

Նրանք համատեղ քայլեր կձեռնարկեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվելիք երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժնի կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև կուսումնասիրեն երեխաների կողմից դիմումների և բողոքների ստացման մեխանիզմը: Կմշակվեն 2016-2018թթ. երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու ընդհանուր ռազմավարությունը, հայտնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:

«Երեխաների իրավունքների հուսալի պաշտպանությունը մեր երկրի զարգացման կարևորագույն ռազմավարական ուղղություն է: Այդ նկատառումով պայմանավորված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվելու է Երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին:

Մենք պատրաստ ենք իրականացնել նախաձեռնողական աշխատանք՝ այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծմանը նպաստելու համար: Ընդ որում, այդ ընթացքում նախատեսում ենք ակտիվորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ դա դիտարկելով իրական արդյունքներ արձանագրելու կարևոր գրավական», - նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ողջունում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում երեխաների իրավունքների հարցերով զբաղվող հատուկ բաժնի ստեղծման նախաձեռնությունը: Այն կարող է կենսական դեր ունենալ Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի հետագա զարգացման գործում՝ կապող օղակ հանդիսանալով ոլորտի դերակատարների միջև՝ առավել խոցելի երեխաների խնդիրները բարձրաձայնելու գործում», - ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ռադոչայը:

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:

Հայաստանի ապագան. Երեխաների մասին` թվերով