1 հունիսի 2016 - 15:04 AMT
Թուրքիայի վարչապետ. Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեզ համար օրինական չի լինի

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում կայանալիք քվեարկությունը, որով նախատեսվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, անհեթեթ է: «Մեզ համար դա մի գործողություն է, որը չունի օրինական ուժ: Սակայն, այնուամենայնիվ, մենք անիմաստ որոշումների կայացման կողմնակից չենք»,-ասել է նա:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունթեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Դա առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը:

«Այդ իրադարձությունները տեղի են ունեցել Առաջին համաշխարհայինի տարիներին…Մենք գիտենք, որ նրանք, ովքեր փորձում են մեղադրել Թուրքիային, բարի մտադրություններ չունեն: Բացահայտ և հստակ հայտարարում ենք աշխարհին, որ թաքցնելու բան չունենք այդ հարցում, թող համակողմանի հետազոտություններ անցկացվեն: Թող ի հայտ բերվեն յուրաքանչյուր կողմի սխալները: Սակայն, դա պետք է անեն պատմաբանները: Պատմական թեման քաղաքականության առարկա դարձնելով, այդ թվում ներքին քաղաքականության, արմատապես սխալ է»,-ասել է Յիլդիրիմը:

Նա զգուշացրել է, որ եթե Բունդեսթագն ընդունի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները կվատթարանան:

Մայիսի 31-ին Թուրքիայի վարչապետը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան մտահոգված է հունիսի 2-ին Բուդեսնթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկումով:

Ընթերցեք նաև. Նախագահ. Գերմանիան 1915-ի դեպքերի համար պատմական պատասխանատվություն է կրում