1 հունիսի 2016 - 16:06 AMT
Արգենտինական տանգոյի երեկո՝ Երևանում

Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 27-ին հնչել են Աստոր Պիացոլայի, Մարիանո Մորեսի, Էդուարդո Արոլասի, Յակոբ Գադեի և այլոց ստեղծագործությունները:

Բեմում էր հանրաճանաչ արգենտինացի կոմպոզիտոր, դիրիժոր և բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և արգենտինացի դաշնակահար Ալդո Սարալեգիի հետ միասին:

Հարթակին պարային համարներով հանդես եկան Արիաննա Կաոիլին (Ավստրալիա), Սուրեն Մխիթարյանը, Արկադի Ատասունցովը և Դիաննա Հայրապետյանը:

Համերգը իրականացվել է Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի, Կոնվերս Բանկի և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան համատեղ աջակցությամբ և նվիրված էր հայ-արգենտինական բարեկամությանը:

«Հայ-արգենտինական հարաբերությունները պատմության բոլոր ժամանակահատվածներում եղել են ջերմ ու բարեկամական: Ես բարձր եմ գնահատում արգենտինահայ համայնքի դերը երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում», - լրագրողների հետ զրույցում նշել է Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Խուան Կարլոս Օսկոիդին:

Նա հավելել է, որ այս միջոցառումը կամուրջ կդառնա հազարավոր կիլոմետրերով առանձնացված երկու երկրների համար: