12 մարտի 2007 - 20:33 AMT
ԵԱՀԿ ՄԽ. Որքան շուտ Ստեփանակերտը միանա բանակցություններին, այնքան լավ
«Հանդիպումները Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ պետք է շարունակվեն եւ խորացվեն»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Նրա խոսքերով, այն բանում, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցային գործընթացին, ԵԱՀԿ ՄԽ մեղքը չկա: «Սակայն երբ սկսվեն բանակցությունները կարգավիճակի վերաբերյալ, ղարաբաղյան կողմի ներկայությունը պարտադիր կլինի, առանց նրա մասնակցության չի կարելի լուծել այդ հարցը»,-ընդգծել է Ֆասյեն: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ չի խորանում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության միջեւ բանակցությունների մանրամասների մեջ: «Մենք գիտենք Արկադի Ղուկասյանի դիրքորոշումը, ինչպես նաեւ նա` մերը: Ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցային գործընթացին չի բացառվում, եւ որքան շուտ դա տեղի ունենա, այդքան լավ»,-ասել է Բերնար Ֆասյեն: