12 մարտի 2007 - 20:36 AMT
Բ.Ֆասյե. Խոսել փախստականների վերադարձի մասին նույնն է, ինչ տունը սկսել կառուցել տանիքից
Փախստականների վերադարձի հարցը բավականին հաճախ է քննարկվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում, հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Նրա խոսքերով, այդ հարցին քաղաքական աստառ է տրվում, այն դեպքում, երբ դա շատ բարդ եւ ծանր աշխատանք է: «Փախստականների եւ տեղահանված անձանց վերադառնալու համար հարկավոր է պայմաններ ստեղծել, տներ կառուցել, վերականգնել ենթակառուցվածքը, ականազերծել տարածքը եւ, կարեւորը, համոզել մարդկանց, որ այդտեղ բնակվելն անվտանգ է: Թե չէ այնպես է ստացվում, որ մենք, խոսելով փախստականների վերադարձի մասին, տան կառուցումը տանիքից ենք սկսում»,-ասել է Ֆասյեն: