13 մարտի 2007 - 14:42 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը չի բացառում, որ 2007 թվականին ղարաբաղյան հարցում կարող է առաջընթաց գրանցվել
Այսօր ոչ ոք չի կարող կանխագուշակել կամ կանխորոշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրական ժամկետները: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, բանակցությունները չեն դադարեցվել, դրանք շարունակվում են եւ դա բավականին աշխատատար գործընթաց է: «Միեւնույն ժամանակ նշեմ, որ չեմ բացառում 2007 թվականին կարգավորման ուղղությամբ առաջընթացը: Բանակցային սեղանի վրա եղած փաստաթուղթն այդ հույսը ներշնչում է. դեռեւս կան բազմաթիվ չլուծված պրոբլեմներ, բայց սկզբունքների շուրջ համաձայնության գալու առումով, իսկապես, մենք ունենք որոշակի հիմքեր: Դա, նախեւառաջ, պայմանավորված է այն գիտակցությամբ, որ այդ սկզբունքներն այսպես օդից չեն իջեցվել եւ առաջարկվել կողմերին` դրանք երկարատեւ բանակցությունների արդյունք են, եւ երկու կողմերն էլ քաջ գիտակցում են ինչի շուրջ են բանակցում»,-ասել է Վ.Օսկանյանը: Նրա կարծիքով, «Հայաստանում խորհրդարանական ընտրությունից հետո, ինչ-որ պատուհան լինելու է, եւ, եթե փոխադարձաբար բոլոր կողմերն անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորեն, հատկապես, ադրբեջանական կողմը, հնարավոր է լուրջ տեղաշարժեր արձանագրել այս տարվա ընթացքում»:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ