2 հունիսի 2016 - 15:32 AMT
Շարմազանով. Ցեղասպանության ճանաչումը նոր ուղի կբացի միջազգային դատապարտման համար

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:

Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

«Համոզված եմ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը ճանաչելու և դատապարտելու շնորհիվ հնարավոր է կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը: Այս քայլով Գերմանիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքների պաշտպանությանը»,-ընդգծել է Շարմազանովը:

Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին նշել է, որ բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով: Էդելգարդ Բուլմահնը կարևորել է պատմության հետ առերեսվելու և պատմության խորքից իրողությունների վերհանման և խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005-ին ընդունել է 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:

Կարդացեք նաև՝Նալբանդյան. Ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի ներդրումն է ցեղասպանությունների դեմ համամարդկային պայքարում

Ցուցարարները քոչարի են պարել Բունդեսթագի մոտ՝ նշելով Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը