2 հունիսի 2016 - 15:45 AMT
ԱԳ փոխնախարար. Մարտունու, Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներն ուշ թե շուտ վերադարձվելու են

Ադրբեջանի կողմից օկուպացված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու, Մարտակերտի շրջանի տարածքներ, որոնք ուշ թե շուտ վերադարձվելու են ԼՂՀ-ին:

Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե միջազգային դիվանագիտական դաշտում ինչպե՞ս է ընկալվում այն արտահայտությունը, որ մենք կորցրել ենք 800 հա տարածք, և դրանք նշանակալի հատվածներ չեն:

Խոսելով օկուպացված տարածքների մասին, Քոչարյանը նկատի է ունեցել 1994 թվականից ի վեր Ադրբեջանի ենթակայության տակ մնացած նախկին ԼՂԻՄ տարածքները:

Անդրադառնալով Վիեննայում նախագահների հանդիպմանը՝Քոչարյանն ասել է. «Վիեննայով հիմք դրվեց մի շատ կարևոր գործընթացի, որի էությունը այն է, որ մինչև չկա հաստատված կրակի դադարեցման ռեժիմ, վստահության միջոցներ գոյություն չունեն, դժվար է և գրեթե անհնարին է ակնկալել որևէ առաջընթաց», մեջբերում է Panorama.am-ը:

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահը, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարը քննադատում են ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, ԱԳ փոխնախարարը պատասխանել է. «Նախ՝ ես ուշադիր նայել եմ, այնտեղ խոսք չկա նրա մասին, որ պետք է վերանայել: Իսկ ինչ վերաբերում է մեր վերաբերմունքին՝ թե ՀԱՊԿ-ին, թե ԵԱՏՄ-ին, ապա վերջին գագաթաժողովը, որը տեղի ունեցավ Աստանայում, այնտեղ նախագահի ելույթից ամբողջությամբ կարող եք ձեզ համար պարզ պատկերացնել»:

Սերժ Սարգսյանը մայիսի 17-ին՝ Վիեննայում բանակցություններից հետո, հայտնել էր, որ հայկական ուժերը քառօրյա պատերազմում կորցրել են 800 հա-ի չափ (8 քկմ) տարածք, որը ռազմավարական կամ մարտավարական տեսակետից որևէ նշանակություն չունի: Նախագահի խոսքով, հայկական կողմ ի վիճակի էր վերականգնել այդ ստատուս-քվոն, բայց այլ հարց է, թե «արդյոք արժեր այդ 800 հա-ի համար կորցնել այդքան մարդ, որոնց կարիքը դեռ շատ ենք ունենալու»: