2 հունիսի 2016 - 17:57 AMT
Կրեմլ. Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչումը երկրի ներքին գործն է

Բունդեսթագի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի ներքին գործն է:

Այդ մասին է հայտարարել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է life.ru-ն:

Այլ մեկնաբանություններ ՌԴ նախագահի խոսնակը չի արել:

2015 թվականին Վլադիմիր Պուտինը մասնակցել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Երևանում:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Կարդացեք նաև. Մերկել. Բեռլինն աջակցելու է Երևանի ու Անկարայի երկխոսության կայացմանը