3 հունիսի 2016 - 09:59 AMT
Օզդեմիր. Ճանաչումն ազդակ է Թուրքիային, բայց Անկարայից չարժե լավ արձագանքի սպասել

Թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավոր, Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, որը Բունդեսթագի քվերակությանն էր ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, հարցազրույց է տվել Deutsche Welle պարբերականին:

«Ցեղասպանությունից 101 տարի անց, կարծում եմ, ժամանակն է ճանաչելու այն, ժամանակն է, որ մենք` որպես մի երկիր, որը, դժբախտաբար, Օսմանյան կայսրության կողքին է կանգնած եղել, պատասխանատվություն ստանձնի, ընդունի, որ ցեղասպանություն է եղել և ընդունի իր մեղավորությունն այդ հարցում: Այս բանաձևի ընդունումն, անշուշտ, ազդակ է նաև Թուրքիային` խիզախելու և վերանայելու ժամանակին կատարվածը»,- ասել է Օզդեմիրը, հայտնում է Tert.am-ը:

Պատասխանելով Անկարայից սպասվող արձագանքի մասին հարցին` Օզդեմիրն ընդգծել է. «Դա կախված է, թե որ Անկարայի արձագանքին ենք սպասում. պաշտոնական Անկարայից, իհարկե, չի կարելի լավ արձագանքի սպասել, ինչպես և ամեն անգամ, երբ ինչ-որ մի երկրի խորհրդարանում բարձրացվում է Հայոց ցեղասպանության հարցը: Սակայն կա նաև այլ Թուրքիա, որտեղ կան մարդիկ, ովքեր պատմում են այնպիսի պատմություններ, որոնց մասին երբեք չեք լսի պաշտոնական աղբյուրներից: Մարդիկ պատմում են, որ իրենց տատը կամ նախատատը հայ է եղել, ինչի մասին գրված չէ պատմության դասագրքերում: Կան չգրված պատմություններ, որոնք մի օր պետք է պատմվեն»:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։