3 հունիսի 2016 - 12:59 AMT
Գերմանացիների 74%-ը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը, 91%-ը չի վստահում թուրքերին

Գերմանացիների մեծ մասը սատարել է Բունդեսթագի ընդունած բանաձևին, որը ցեղասպանություն է որակում հայերի զանգվածային բնաջնջումն Օսմանյան կայսրությունում: Բանաձևի ընդունմանը հավանություն է տվել հարցման մասնակիցների 74%-ը: Այդ են վկայում ARD մեդիաընկերության հարցման արդյունքները: 18%-ը կարծում է, որ բանաձևի ընդունումը սխալ քայլ էր, հայտնում է Deutsche Welle-ն:

Ընդ որում, հարցման մասնակիցների 57%-ը կարծիք է հայտնել, որ բանաձևի ընդունումը կարող է բացասաբար ազդել Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա: Հարցմանը մասնակցածների 91%-ը կարծում է, որ Թուրքիային որպես գործընկեր չի կարելի վստահել, հուսալի գործընկեր է համարում միայն 7%-ը:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Ընթերցեք նաև. Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը