Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն հունիսի ընթացքում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման նպատակով:
Այդ մասին է նշվում Մինսկի խմբի՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին հետևած հայտարարությունում:
Ապրիլյան պատերազմից հետո նախագահների առաջին հանդիպումը կայացել էր մայիսի 17-ին Վիեննայում:
Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: