3 հունիսի 2016 - 13:31 AMT
Թուրք պրոֆեսոր. Ինչո՞ւ պետք է երիտթուրքերի պաշտպանը դառնանք, ժխտումը մեզ խայտառակում է

Երկար տարիներ 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածն ուսումնասիրած թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման առնչությամբ պահանջել է, որ Թուրքիան հայերից ներողություն խնդրի՝ պատճառած ցավի համար, գրում է թուրքական T24 կայքը։

Օրանը նշել է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի նաև «այդ աղետը մինչ այժմ սեփական քաղաքացիներից թաքցնելու համար»։

«Ես ինչո՞ւ պետք է պաշտպանեմ երիտթուրքերի սպանությունները»,-հարցրել է պրոֆեսորը, գրում է Tert.am-ը։

Բասքըն Օրանը նշում է, որ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն տարբեր կողմերից կարելի է նայել։ «Թուրքիան շտապ պետք է հայտարարություն տարածի, տեղի ունեցածի համար ներողություն խնդրի»,-ասել է նա։

Օրանի պահանջների մեջ անգամ հայերի ունեցվածքի փոխհատուցման հարց է բարձրացվում։

«Քանի դեռ թուրքական պետությունը շարունակում է ջայլամի քաղաքականությունը, միջազգային հանրության կողմից «ծեծն ավելանալու ու խստանալու է»»,-ասել է նա։

«Սկզբում ասում էին. «Հայե՞ր են սպանվել։ Դա ի՞նչ է», ապա շարունակեցին՝ ասելով. «Մենք նրանց չենք սպանել, այդ նրանք են մեզ սպանել», այժմ ասում են՝ «Կռիվ է եղել»։ Այդ ժխտումները մեր երկիրը խայտառակում են։ Ես ինչո՞ւ երիտթուրքերի սպանությունների պաշտպանը դառնամ»,- ասել է Օրալը։

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը

Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկած միակ պատգամավորը բացատրել է՝ ինչու