3 հունիսի 2016 - 17:16 AMT
Դավիթ Փախչանյան. Պաշտպանական համակարգում պատասխանատու պաշտոն ստանձնելը պատվաբեր է

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներին և պատասխանատուներին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին:

Շնորհավորելով Փախչանյանին նշանակման կապակցությամբ և մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում` Օհանյանը նշել է, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանքներ են տարվել հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման ուղղությամբ: Իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում ստեղծվել է ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն:

Դավիթ Փախչանյանն իր հերթին նշել է, որ պատվաբեր է պաշտպանական համակարգում պատասխանատու պաշտոն ստանձնելը և ընդգծել, որ համատեղ ջանքերի և նպատակաուղղված աշխատանքի համադրմամբ ռազմարդյունաբերական ոլորտում պետք է հասնել զգալի արդյունքների՝ տարիների ընթացքում ստեղծված հիմքի վրա զարգացնելով ոլորտը և լուծելով զինված ուժերի առջև ծառացած խնդիրները:

Դավիթ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ՌԴ «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրենը:

Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն ստեղծվել էր 2015 թվականի նոյեմբերին: