4 հունիսի 2016 - 13:47 AMT
The New York Times. «Այո, դա ցեղասպանություն է»

«Այո, դա ցեղասպանություն էր». այսպես է վերնագրել իր խմբագրականը The New York Times օրաթերթը: «Գրեթե ամեն տարի Թուրքիան ջղաձգումների գիրկն է ընկնում, երբ որևէ մեկը համարձակվում է ճշմարտությունն ասել նրա մութ անցյալի մասին: Այս անգամ Թուրքիան հետ է կանչել Բեռլինում հավատարմագրված իր դեսպանին և ծանր հետևանքներով է սպառնում, այն բանից հետո, երբ գերմանական խորհրդարանը քվեների ճնշող մեծամասնությամբ Օսմանյան կայսրությունում հարյուր տարի առաջ տեղի ունեցած հայերի կոտորածը ցեղասպանություն որակեց», - ասվում է The New York Times-ի խմբագրականում, հայտնում է «Ազատությունը»:

Նշվում է, որ Էրդողանի հայտարարությունները դատարկ սպառնալիքներ չեն: Թուրքիան Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի առանցքային գործընկերն է, կարևոր է նաև Գերմանիայի ու Եվրամիության համար` սիրիացի փախստականների հոսքը կասեցնելու համատեքստում: Մերկելը երեկվա քվեարկությանը ներկա չէր, թեև չընդդիմացավ դրա անցկացմանը: «Օբաման, օրինակ, 2008-ին նախագահի թեկնածու եղած ժամանակ խոստացավ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել, սակայն հետագայում չդիմեց այդ քայլին: Գերմանացիները, սակայն, ովքեր հիացմունքի արժանի ձևով կարողացան առերեսվել սեփական պատմության ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությանը, ճիշտ պահվածք ցուցաբերեցին` չընկրկելով Էրդողանի սպառնալիքների առջև»,-ասվում է հոդվածում:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Քվեարկությունից անմիջապես հետո Թուրքիան հետ կանչեց դեսպանին Բեռլինից: