Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը անդրադարձել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի ընդունմանը:
Այս օրերին պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Դեմիրթաշը, պատասխանելով Ցեղասպանության բանաձևի մասին լրագրողների հարցերին, նշել է, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուշացած էր:
«Սա 100 տարի ուշացումով ընդունված որոշում է: Այսօր էլ քրդերին են կոտորում, ու եթե այս կոտորածների մասին էլ Գերմանիան 100 տարի հետո որոշում ընդունի, ապա այդ որոշումը այլևս որևէ իմաստ չի ունենա»,-ասել է նա, մեջբերում է Ermenihaber.am-ը:
Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։
Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: