14 մարտի 2007 - 14:47 AMT
Ապրիլի սկզբին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի վերաբերյալ ՆԱՏՕ-ի փորձագետների զեկույցի քննարկումը
Վերջին մի քանի տարիներին ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններում նկատվում է համագործակցության զարգացման եւ խորացման միտում, որի արդյունքը եղավ Դաշինքի 2004 թվականի որոշումը` Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) մեկնարկի մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը: Նրա խոսքերով, ապրիլի սկզբին, հավանաբար 4-ին, Բրյուսելում տեղի կունենա Հայաստանում ծրագրի իրագործման առաջնահերթ միջոցառումների ընթացքի վերաբերյալ ՆԱՏՕ-ի փորձագետների միջանկյալ զեկույցի քննարկումը: «Միջանկյալ զեկույցի քննարկումը տեղի կունենա 26+1 ձեւաչափով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Միեւնույն ժամանակ IPAP ծրագիրը չի ենթադրում երկրի պարտադիր անդամակցում ՆԱՏՕ-ին: Դա քաղաքական որոշում է, որը կայացնում է երկրի ղեկավարությունը: Միայն ՀՀ նախագահը կարող է հայտարարել, թե Հայաստանը մտադիր է դառնալ Դաշինքի անդամ»,-նշել է Մկրտչյանը:

ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպանը նշել է նաեւ, որ մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին բխում է ազգային անվտանգության նկատառումներից: Նա հիշեցրել է, որ Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը բաց փաստաթուղթ է եւ ենթադրում է լրացումների կատարում, որոնք կարող են բխել տարածաշրջանում իրողությունների փոփոխություններից: