4 հունիսի 2016 - 12:19 AMT
Զեկույց. ՀՀ-ն՝ ահաբեկչության հետ նվազագույն խնդիրներ ունեցող երկիրն է տարածաշրանում

«Իսլամանակ պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո գտնվող Իրաքի և Սիրիայի տարածքները նախորդ տարվա ընթացքում նվազել են, սակայն՝ խմբավորման ահաբեկիչներին հաջողվել է ահաբեկչական հարձակումներ կազմակերպել Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի տարածքներում: ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ահաբեկչության դեմ պայքարի մասին զեկույցի համաձայն, դուրս մղվելով Սիրիայի և Իրաքի որոշ շրջաններից, ԻՊ-ի ահաբեկիչներին հաջողվել է նոր կողմնակիցներ գրավել այլ շրջաններում:

Իսկ Հայաստանը, Բալթյան երկրների, Պորտուգալիայի, Շվեյցարիայի և Ֆինլանդիայի հետ միասին զեկույցում ընդհանրապես չի ներառվել, որպես ահաբեկչության հետ նվազագույն խնդիրներ ունեցող երկիր: Տարածաշրջանի երկրներից ահաբեկչության հետ կապված իրավիճակը վատագույնն է Թուրքիայում, որը, ըստ զեկույցի, ունի ներքին և արտաքին ահաբեկչության խնդիր, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

«Մեզ անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ, թե երիտասարդներին ինչն է տանում դեպի ծայրահեղականություն և ստիպում նրանց միանալ ահաբեկիչներին», - նշում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության՝ ահաբեկչության դեմ պայքարը համակարգող Ջասթին Սիբերելը:

Զեկույցի համաձայն, «Բոքո Հարամ»-ի ահաբեկիչները 2015-ին սպանել են հազարավոր մարդկանց Չադում: Սոմալիում «Ալ Շաբաբ»-ի ահաբեկիչներն իշխանափոխության փորձի ընթացքում զանգվածային սպանություններ են կազմակերպել, իսկ Մերձավոր Արևելքում և Հնդկաստանում կրկին գլուխ է բարձրացրել Ալ Քաիդան:

«Ուղղակի ահաբեկիչներ սպանելով՝ անհնար է վերացնել ահաբեկչությունը: Անհրաժեշտ է հաղթահարել ահաբեկչություն ծնող քաղաքական, տնտեսական և սոցիալական պատճառները», - նշում է «Բրուքինգս» հաստատության վերլուծաբան Քեննեթ Փոլաքը:

Չնայած զեկույցում նշված են մոտ 60 ահաբեկչական կազմակերպություն, Միացյալ Նահանգների համար հիմնական վտանգ է ներկայացնում ԻՊ-ը: