4 հունիսի 2016 - 13:12 AMT
Ինչպես 1916-ին գերմանական Ռայխսթագում նախաձեռնվեց ու տապալվեց Ցեղասպանության քննարկումը

Հայերի զանգվածային ոչնչացման հարցի քննարկման առաջին փորձը Գերմանիայում տեղի էր ունեցել դեռևս կայզերական ժամանակաշրջանում՝ Ցեղասպանության օրերին:

Ռայխսթագի պատգամավոր, Գերմանիայի կոմունիստական կուսակցության ապագա համահիմնադիր Կարլ Լիբկնեխտը 1915թ. դեկտեմբերի 20-ի իր գրավոր հարցումով դիմել էր ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգին՝ տեղեկանալու, թե արդյոք Գերմանիայի կառավարությանը հայտնի են դաշնակից Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող զանգվածային ջարդերի փաստերը: 1916թ. հունվարի 11-ին Ռայխսթագի 13-րդ գումարման 26-րդ նիստի ժամանակ հնչեցրած պատասխանը և Ռայխի պատգամավորների բուռն հակազդեցությունը փաստում են, որ այն ժամանակ Գերմանիայի կառավարության և կառավարամետ պատգամավորների համար հումանիստ Լիբկնեխտի կողմից բարձրացվել էր գերմանական կառավարության քիմքին ոչ հաճո հարցապնդում, գրում է ArmenianGenocide100.org-ը:

Հատված Ռայխսթագի 13-րդ գումարման 26-րդ նիստի սղագրությունից. Բեռլին, 11 հունվարի 1916թ.

Ռայխսթագի նախագահ (Յոհաննես Կամպֆ) – Անցնում ենք օրակարգին: Օրակարգի առաջին մասը կազմում են գրավոր հարցումները: Առաջին հարցումը համար 12-ն է (տպագիր՝ թիվ 187): Հարցումը ներկայացնելու համար խոսքը տրվում է պատգամավոր դոկտոր Լիբկնեխտին:

Դոկտոր Լիբկնեխտ, պատգամավոր – Տեղյա՞կ է արդյոք ռայխսկանցլերը, որ ներկայումս ընթացող պատերազմում դաշնակից թուրքական կայսրությունում հայ բնակչությունը հարյուր հազարներով իրենց բնակատեղիներից վտարվում և ոչնչացվում է: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել պարոն ռայխսկանցլերը, որ դաշնակից թուրքական իշխանության մեջ արթնանա ապաշխարելու անհրաժեշտությունը, որպեսզի Թուրքիայում հայ ժողովրդի մնացյալ հատվածի դրությունը մարդկային արժանապատվությանը վայել կարգավորվի, ու նման արհավիրքների կրկնությունը կանխվի:

Նախագահ – Հարցմանը պատասխանելու համար խոսքը տրվում է կայզերական դեսպանորդ, արտաքին գերատեսչության քաղաքական բաժնի խմբի ղեկավար դոկտոր ֆոն Շտումին:

Դոկտոր ֆոն Շտում, կայզերական դեսպանորդ, արտաքին գերատեսչության քաղաքական բաժնի խմբի ղեկավար – Պարոն ռայխսկանցլերը տեղյակ է, որ Բարձր Դուռը, ելնելով հակառակորդի խռովարար խարդավանքներից, ստիպված է հայ բնակչությանը թուրքական տիրապետության որոշ տարածքներից տեղահանել և նրանց նոր բնակավայրեր ուղարկել: Ձեռնարկած վերոհիշյալ միջոցառումների պատճառով առաջացած որոշակի հետևանքներն այժմ գերմանական ու թուրքական կառավարությունների միջև մտքերի փոխանակման առիթ են դարձել: Մանրամասները տեղեկացման ենթակա չեն:

Դոկտոր Լիբկնեխտ – Ես խնդրում եմ իրավունք տալ՝ լրացում կատարելու հարցմանը: (Դահլիճում աշխուժություն է տիրում):

Նախագահ – Հարցումը լրացնելու համար խոսքը տրվում է պատգամավոր դոկտոր Լիբկնեխտին:

Դոկտոր Լիբկնեխտ – Հայտնի՞ է պարոն ռայխսկանցլերին, որ պրոֆեսոր Լեփսիուսը Թուրքիայի հայերի ուղղակի ոչնչացման մասին է խոս… (Նախագահի զանգը: Զեկուցողը փորձում է շարունակել խոսքը: Դահլիճից հնչում են «Լռությու՛ն, լռությու՛ն» բացականչություններ):

Նախագահ – Պարո՛ն պատգամավոր, սա նոր հարցում է, որը ես չեմ կարող թույլատրել:

Դոկտոր Լիբկնեխտ – Պարո՛ն նախագահ, անցե՛ք կանոնակարգին: Խնդրեմ, կանոնակարգը:

Եթե պարոն նախագահը հարցումը մինչև վերջ լսեր, ի վիճակի կլիներ որոշել (դահլիճում կրկին աշխուժություն է սկսվում)՝ արդյոք խոսքը նոր հարցման մասին է, թե ոչ: Ի դեպ պետք է ընդգծել, որ պարոն նախագահն ինքնակամ չվճռեց (կրկին լսվում են բացականչություններ), որ նոր հարցում է առաջադրված, այլ դահլիճի արձագանքից ելնելով:

Նախագահ – Պատգամավոր դոկտոր Լիբկնեխտ, ես արգելում եմ իմ կանոնակարգի նկատմամբ նման քննադատություն: (Բուռն ծափահարություններ): Անցնում ենք օրակարգի հաջորդ գրավոր հարցմանը…