4 հունիսի 2016 - 14:04 AMT
Լեհաստանի խորհրդարանը ցեղասպանության մասին կոնվենցիա է մշակում

Լեհաստանի խորհրդարանում պատրաստվում է կոնվենցիա՝ ազգերի ինքնության պաշտպանության վերաբերյալ: Այս մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արևելագիտության վարչության բաժնի ղեկավար, պատմաբան Քրիստոֆ Յաբլոնկան՝ նշելով, որ խոսքն ազգության համար ցեղասպանության ենթարկված ազգերի իրավունքների պաշտպանությունն է:

Քրիստոֆ Յաբլոնկան նշել է, որ 1915թ.-ին հայերը, ինչպես քրիստոնյա մի շարք ազգեր, Օսմանյան Կայսրության կողմից ցեղասպանության են ենթարկվել, ուստի Լեհաստանի խորհրդարանը պատրաստվում է միջազգայնորեն բարձրացնել հանցագործության ենթարկված ազգերի հարցը: Ըստ նրա՝ ստեղծվում է պատմական տրիբունալ՝ մարդկության դեմ կատարած ոճրագործությունները ճանաչելու համար, հայտնում է Tert.am-ը:

Լեհ պատմաբանն ասել է , որ կոնվենցիան կունենա քարտեզի պատկեր, կլինի ժամանակացույց այն բոլոր պետությունների, որոնք ճանաչել են պատմությունը, ընդունել են պատմական ճշմարտությունը, այդ թվում՝ Հայոց Ցեղասպանությունը որպես եղելություն:

Լեհաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005թ.-ի հունիսին: Ձայների մեծամասնությամբ ընդունված հայտարարությունում նշվում է, որ Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: